«Մոգական նոր աշխարհի հեգնանքը»
Անցած տարի ճապոնացիները մեծ հետաքրքրություն դրսևորեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի 70-ամյակին, մինչդեռ մյուս երկրներում ուշադրությունը սևեռված էր մեկ այլ պատերազմի ավարտի 25-ամյակին՝ Պարսից ծոցի պատերազմի: Սառը պատերազմի ավարտից հետո ձևավորված աշխարհակարգը փլուզվում է, 2015-ին աշխարհը «մոգական նոր աշխարհ էր»՝ հեգնանքով այդպես էր անվանում Շեքսպիրը, ասելով, որ մարդկանց անպարագիծ լավատեսությունը հանգեցնում է քաոսի և մեծ հիասթափությունների՝ մեր օրերում ԻՊ-ի դաժան ահաբեկչությունները Մերձավոր Արևելքում, Եվրոպայում, Երկրորդ աշխարհամարտից հետո փախստականների ամենամեծ հոսքի հարուցած մարդասիրական ճգնաժամը:
Արևելքում մենք տեսնում ենք Չինաստանին, որ վերջին մի քանի տասնամյակում արագ տեմպերով զարգանում է՝ շնորհիվ տնտեսութան ազատականացման և բարեփոխումների: Անսպասելիորեն Պեկինը սկսել է ռազմական էքսպանսիայի կոշտ քաղաքականություն վարել՝ ամերիկյան զորքերի դեմ Հարավ-Չինական ծովում արհեստական կղզիների շինարարության պատճառով: Պուտինի Ռուսաստանը զենքով իրեն միացրեց Ղրիմը, հետո սկսեց ուղղակի ռազմական միջամտություն Մերձավոր Արևելքի գործերում այնպիսի մասշտաբներով, որ չի եղել նույնիսկ ԽՍՀՄ-ի ժամանակ: ԱՄՆ-ը փորձում է հնարավորինս խուսափել Մերձավոր Արևելքում մարտական գործողություններին լիամասշտաբ մասնակցությունից: Այս իրավիճակում աշխարհը կարող է հայտնվել լիակատար քաոսում: Սպասվում էր, որ սառը պատերազմի ավարտից հետո վերջապես կգա «ցանկալի դարը»: Ճակատագրի հեգնանքով մենք դառնում ենք «մոգական նոր աշխարհի» ականատեսը: Ինչո՞ւ: Ամեն ինչ սկսվեց «այն պատերազմից»:
Ինձ թվում է, որ Ճապոնիայում Պարսից ծոցի պատերազմը ասոցացվում է դեբատների հետ՝ մարտական գործողությունների վայր ուղարկե՞լ ինքնապաշտպանական ուժեր, թե՞ ոչ: Ի վերջո, չուղարկվեց՝ Ճապոնիան վիթխարի գումար վճարեց և մնացած աշխարհից անտեսվեց: Այնուհանդերձ, հենց այդ պատերազմն է այսօրվա քաոսի նախապատճառը:
«Պարսից ծոցի պատերազմը միանձնյա հեգեմոնիա ստեղծեց»
25 տարի առաջ, հունվարի 17-ի առավոտյան սկսվեց Պարսից ծոցի պատերազմը: ԱՄՆ-ի 82-րդ դեսանտային դիվիզիայի սերժանտներից մեկը, որ մասնակցել է «Փոթորիկ անապատում» գործողությանը, գրել է. «Մենք հիմա մասնակցում ենք պատերազմի, որը սկիզբ է դնելու աշխարհի մեծ վերակառուցմանը, որ կտևի մի քանի հարյուր տարի»: Պատերազմի նախօրեին ԱՄՆ նախագահ Բուշը հայտարարեց, որ ռազմական արշավի նպատակը նոր աշխարհակարգի ստեղծումն է: Իրոք, համաշխարհային հանրությունը ցանկանում էր պատժել Սադամ Հուսեյնի Իրաքին, որ ներխուժել էր Քուվեյթ, և նրան այնտեղից վռնդել: Խնդիրը մեթոդներն էին: Ավելին՝ ԱՄՆ-ի նպատակները չափազանց իդեալիստական էին ու դա Վաշինգտոնի սխալն էր: Իրականում, ցամաքային գործողության նախօրեին Իրաքը կարող էր զորքերը Քուվեյթից դուրս բերել, բայց ԱՄՆ-ը թույլ չտվեց: Տարատեսակ դիվանագիտական փաստաթղթերը և նյութերը, որ վերջին տարիներին սկսել են հրապարակվել, դա են վկայում: 1991-ի մայիսին, Պարսից ծոցի պատերազմը սկսվելուց հետո ես հրապարակեցի ուսումնասիրություն՝ «Պարսից ծոցում խեղդված նոր աշխարհակարգ՝ միաբևեռ աշխարհակարգի ձգտող ԱՄՆ-ը գործում է դարի սխալը» վերնագրով: Ես մեջբերել էի նախագահ Բուշի խոսքերը պատերազմի նախօրյակին ունեցած ելույթից, որտեղ նա հղում էր անում ԱՄՆ-ի անկախության պատերազմի գաղափարախոս Թոմաս Փեյնին՝ «Սա պատերազմ է մարդկանց հոգիների համար»: Ես ուզում էի ասել, որ պատերազմի նպատակն է ԱՄՆ-ի ճնշող հզորության ցուցադրությամբ սառը պատերազմի ավարտից հետո ստեղծել այնպիսի աշխարհակարգ, որտեղ ԱՄՆ-ը կդառնա միակ հզոր հեգեմոնը:
«ԱՄՆ-ի տեսակետների ապշեցուցիչ տարբերությունը»
Վաշինգտոնն իրոք հաջողության հասավ: Նրա մեծամտությունը դժգոհություն ու բողոք հարուցեց ամբողջ աշխարհում, որի մի մասը արտահայտվեց «Ալ Քաիդայի» և այլ իսլամական ռադիկալ կազմակերպությունների ստեղծումով, որ ի վերջո հանգեցրեց սեպտեմբերի 11-ի ողբերգությանը, Աֆղանստանում ու Իրաքում պատերազմին ու ԻՊ-ի հայտնությանը: Հիմա պահանջվում է, որ Օբաման ցամաքային գործողություններ սկսի աշխարհակարգի պաշտպանության համար և ԱՄՆ-ը դա կարող է անել, սակայն նա նույնիսկ չի փորձում անհրաժեշտ քայլեր անել Սիրիայի մարդասիրական ճգնաժամը կանխելու համար: Մենք պետք է հիշենք ԱՄՆ-ի տեսակետների այդ տարբերությունը, որովհետև մենք ԱՄՆ-ի դաշնակիցն ենք: ԱՄՆ-ի բարձր տեխնոլոգիական զենքը, որ ցուցադրվեց Պարսից ծոցի պատերազմի ժամանակ, ցնցեց Չինաստանի ժողովրդաազատագրական բանակը, սակայն հիմա իրավիճակը ամբողջությամբ փոխվել է՝ Չինաստանը շարունակում է մեծացնել ռազմական էքսպանսիան: 1991-ի փետրվարի 23-ին, ռազմական գործողությունից մեկ օր առաջ, Մոսկվայի կենտրոնում հավաքվել էին 500 հազար սովետական զինվորականներ, որ հայտարարում էին ԱՄՆ-ին դիմակայելու անհրաժեշտության մասին: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ադ տրամադրությունները դարձան ռուսների հոգևոր ուժը, որ աջակցում են Պուտինի դիվանագիտությանը, որ ԱՄՆ-ի հետ առճակատման գնալու պատրաստակամություն է ցուցադրում՝ միացնելով Ղրիմը և շարժվելով Մերձավոր Արևելք: Այդ պատճառով աշխարհն աստիճանաբար զրկվեց սառը պատերազմի ավարտից հետո նոր աշխարհակարգ ստանալու հույսից: Այդ պատճառով անհրաժեշտ է աշխարհում ստեղծված իրավիճակը քննարկելիս հաշվի առնել անցած 25 տարիների իրադարձությունները:
Տերումասա ՆԱԿԱՆԻՍԻ, Կիոտոյի համալսարանի պրոֆեսոր, International
Հ.Գ. Սա էլ ձեզ՝ աշխարհը Ծագող արևի երկրից: Պարսից ծոցի պատերազմի 25-ամյակը իսկապես իմաստավորման պատեհ պատճառ է, թե ինչ կատարվեց Մերձավոր Արևելքում, երբ Իրաքը հարձակվեց Քուվեյթի վրա, իսկ ԱՄՆ-ը սկսեց «Փոթորիկն անապատում», փոթորիկ, որ 25 տարի չի ավարտվում: Պատահակա՞ն է, որ այս տարի Հայաստանի երրորդ Հանրապետության 25 տարին է լրանում: Ի՞նչ առիթով մենք պիտի իմաստավորենք աշխարհի և մեր անցած ճանապարհը 25 տարիներին, երբ աշխարհը նախ դարձավ միաբևեռ, հետո սկսվեց հիբրիդային պատերազմը բազմաբևեռությունը վերադարձնելու համար: Թե՞ մեզ համար աշխարհում կա-չկա, մի բևեռ կա, նույնիսկ՝ երբ ձնհալ է այդ բևեռում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ